Ես դիտեցի աշխարհը խրամատից,
ես դիտեցի աշխարհը փչակից բվեճի,
ես դիտեցի աշխարհը ճերմակ թղթերի խորխորատներից,
ես դիտեցի աշխարհը իմ մեղավոր աչքերից,
ես դիտեցի աշխարհը
խանձված թևերի միջից հրեշտակի,
ես դիտեցի աշխարհը իմ ձեղնահարկի
անտերունչ տոպրակների միջից,
ուր իմ երեխաների կոտրված խաղալիքներն են կիտված`
արդեն խաղացված և միայնակ։
Եվ դիտեցի աշխարհը
մահերի միջից իմ ընկերների և իմ հարազատների,
և դիտեցի աշխարհը
որպես խճապատկեր`
հակասական և անբռնազբոս՝
իմ ցավն ու իմ խնդությունը
բեկոր-բեկոր շարելով
սիլուետ գծապատկերին
իմ տեսած աշխարհի։
Եվ ինչքան ավելորդ բեկորներ,
որ կաթեցին իմ սրտի աչքերից
որպես արցունք,
դեպի տրտմությունը ինձ հրեցին։
Եվ ինչքան արծաթե սրտերով բեկորներ,
որպես մխիթարություն, ինձհետ բերեցին հեռվից`
հոգու ապարանքների սրբազան սեղանների մոտ`
ճաշակելու բույրը անտառների,
ճաշակելու ոգին մեր սրբազան լեզվի,
ճաշակելու ճակատագիրը իմ հայրենիքի`
բեկոր առ բեկոր և ցմրուր։
Եվ այսքանն էր իմ հնարը`
մերկ, երերուն, միայնակ և առաքինի։
Գագիկ Սարոյան
Թուրքիան կանխել է PKK-ի գրոհայինների՝ Իրան ներխուժելու փորձըՀունվարի 9-ին թուրքական տեղեկատվական հարթակում տարածվել էին տեղեկություններ, որ Թուրքիան հետախուզական տվյալների տրամադրման և այլ օժանդակության միջոցով օգնել է Իրանի իշխանություններին կանխել քրդական զինված խմբավորումների մուտքը Իրան...11.01.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |